Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Թռիչքից՝ քաոս, 3 սցենար Թրամփի համար

Թռիչքից՝ քաոս, 3 սցենար Թրամփի համար
08.05.2020 | 09:26

Կորոնաճգնաժամի ժամանակ ԱՄՆ նախագահը պայքարում է իր քաղաքական ապագայի համար: Մահերի թիվը կարող է վճռորոշ գործոն դառնալ ընտրություններում: Կկարողանա՞ Թրամփը հաղթել՝ գրում է Ռոլանդ Հելեսը Der Spiegel-ում:


Սցենար առաջին՝ Թրամփի տրիումֆը
ԱՄՆ-ում արդեն հաստատված է 1,2 միլիոն կորոնավարակակիր, 74000 մարդ մահացել է: Կորոնաճգնաժամի ժամանակ Թրափի զիգզագաձև քաղաքականությունն ու տարօրինակ ճեպազրույցները ուժեղացնում են տպավորությունը, որ հասարակության աչքում նախագահը գահավիժում է: Ճգնաժամի սկզբում կարճատև բարձր վարկանիշից հետո վերջին շաբաթների հարցումները վկայում են, որ ավելի ու ավելի շատ ամերիկացիներ դժգոհ են նախագահից: Հարցումներից մեկն առանձնանում է բոլորից՝ Գելափի ինստիտուտի հարցումներով՝ Թրամփը նորից վերելքի մեջ է՝ նախագահից գոհ է 49%, դժգոհ՝ 47%: Այսինքն՝ Թրամփի տրիումֆն ընտրություններում դեռ լիովին հնարավոր է: Թեպետ վարակվածների ու մահացության ընդհանուր թիվը բարձր է, նրա շանսը կլինի, որ առաջիկա ամիսներին նոր վարակակիրների ու մահերի օրական թիվը աստիճանաբար նվազի՝ պանդեմիայի կանխման միջոցառումների շնորհիվ: Եթե հիվանդացածության կորը երկար ժամանակ իջնի, Թրամփն, անկասկած, դա ներկայացնելու է իր նվաճումը՝ անկախ որքանով է ինքը իրոք մասնակից եղել: Այդ դինամիկան կօգնի Թրամփին և տնտեսական զարգացման մեջ: Եթե մինչև նոյեմբեր սահմանափակումների կրճատման ծրագրված քայլերը որոշ նահանգներում բարելավեն աշխատանքի շուկայի իրավիճակը, Թրամփը կկարողանա հայտարարել, որ ինքն է ապահովել դրական փոփոխությունները: Այդ ժամանակ վերընտրության նրա գլխավոր փաստարկը կդառնա, որ միայն իր ղեկավարությամբ է հնարավոր տնտեսության վերականգնումը:


Երկրորդ սցենար՝ լիակատար քաոս
Թեպետ վարակվածների թիվը նվազում է համաճարակի կենտրոններում՝ Նյու Յորքում ու Նյու Ջերսիում, ԱՄՆ-ում առաջիկա ամիսներին դեռ կլինեն կորոնավարակի նոր լոկալ բռնկումներ: Այդ դեպքում չարժի սպասել տնտեսության նշանակալից վերականգնում: Հետևանքը կդառնա հիասթափությունն ու չարացածությունը, քաղաքական բևեռացման խորացումը: Թրամփը գործի կդնի իր ամբողջ պոպուլիստական տաղանդը, որ ուշադրությունը շեղի պրոբլեմնեից և գրոհի մյուսներին: Ճգնաժամի մեջ մեղավոր կլինեն բոլորը՝ Չինաստանը, միգրանտները, նահանգապետերը, բայց ոչ ինքը: Ջո Բայդենն ու դեմոկրատները կարող են նրան խարանել իբրև ճգնաժամի գլխավոր մեղավոր: Դա փորձություն կլինի ամերիկյան ժողովրդավարության համար՝ երկու կողմերն էլ կարող են ընթացք տալ ընտրությունների ֆալսիֆիկացիներին կամ մանիպուլյացիաներին: Բացառված չեն և առանձին կատաղի բողոքներ: Ինչպես և 2000-ին Ալբերտ Գորի ու Ջորջ Բուշի միջև, ընտրության հաղթողը կարող է որոշվել ձայների վերահաշվարկով և/կամ Գերագույն դատարանի վճռով: Երկիրն ավելի կմասնատվի, քան եղել է երբևէ:


Երրորդ սցենար՝ Թրամփի տապալումը
Բայդենը վայելում է նախևառաջ ավագ սերնդի ընտրողների համակրանքը, Թրամփի նախագահության ավարտի ցանկություն ունեն շատերը: Կորոնաճգնաժամը մերկացրել է Թրամփի թույլ կողմերը, նրան չի հաջողվի երկիրը միասնականացնել: Շատ ընտրողներ նրա հակաճգնաժամային կառավարումը համարում են քաոտիկ և խակ: Շատերի համար Բայդենի ընտրությունը Թրամփից ազատվելու միակ շանսն է: Նույնիսկ եթե առաջիկայում կորոնաճգնաժամը թուլանա, նախընտրական արշավի ժամանակ Բայդենը կարող է Թրամփին մեղադրել ճգնաժամի դեմ պայքարում լուրջ սխալների մեջ: Հավանաբար, դեմոկրատներն ուղղակի կամ անուղղակի կմեղադրեն Թրամփին մահացության բարձր թվի համար, որ կանխատեսումների համաձայն՝ ամռանը կանցնի 100000-ը: Նրանք արդեն ուշադրությունը սևեռում են այն փաստին, որ կորոնավիրուսից ավելի շատ ամերիկացիներ են մահացել, քան զոհվել են Վիետնամի հետ պատերազմում:
Թրամփի համար խնդիր է, որ ճգնաժամի պատճառով, հավանաբար, դեռ մի քանի ամիս չի կարողանա անցկացնել իր սիրած հանրահավաքները: Սովորաբար նա հանրահավաքներն օգտագործում է ընտրությունների նախօրեին՝ կողմնակիցներին ոգևորելու համար: Դա լավ է Բայդենի համար, եթե Թրամփի բազային ընտրախավի մի մասը մնա տանը, կմեծացնի Բայդենի հաղթանակի շանսերը: Եթե նոյեմբերի 3-ին Բայդենին հաջողվի բացահայտ հաղթանակ տանել նահանգների մեծ մասում, Թրամփին չեն օգնի ոչ քարոզները, ոչ բողոքները: Նա ստիպված կլինի ընդունել պարտությունը:
Ռոլանդ Հելես, Der Spiegel


Հ.Գ. Ճակատագրի շատ մեծ բարեհաճությամբ իշխանության եկած Դոնալդ Թրամփը 2016-ին հաղթեց ԱՄՆ քաղաքական բոլոր գործիչներին միաժամանակ՝ բացահայտորեն ընտրողը գերադասեց պաշտոնական քաղաքականության մեջ իրեն արդեն հոգնեցրած մարդկանց ու նախապատվությունը տվեց միլիարդատիրոջը, որ մինչ այդ քաղաքական որևէ պաշտոն չէր ունեցել: Կորոնաճգնաժամի պատճառով ճակատագիրը նույնքան քմահաճորեն կարող է իր ընտրյալից երես թեքել: Եթե Թրամփին հաջողվի մինչև նոյեմբեր ամերիկացիներին վերադարձնել աշխատանքի հնարավորությունը ու գործազրկությունը բերել նախաճգնաժամային մակարդակին, նա կհաղթի ընտրություններում: Ինչ գին էլ ունենա: Մարդիկ ավելի արագ մոռանում են ուրիշների ձախողումները, քան սեփականը, որքան էլ՝ անմարդկային է՝ ապրողները կգնահատեն իրենց ունեցածը, քան մահացածների ողբերգությունը: Դա դաժան է, բայց դա է ամերիկյան երազանքի էությունը: Թրամփն ունի կես տարի, և առաջին անգամ է, որ հաղթելը կամ պարտվելը կախված չէ միայն իրենից:


Բայց կա նաև արտաքին քաղաքականությունը, որտեղ Թրամփը հասցրել է համաշխարհային աղետ դառնալ միջազգային ասպարեզում: Նա մեկը մյուսի հետևից դուրս է գալիս միջազգային պայմանագրերից՝ համարելով, որ ոտնահարում են ԱՄՆ-ի շահերը՝ սկսած Կլիմայի հարցով Փարիզի համաձայնագրից, միջուկային համաձայնագրերից, մինչև Իրանի հետ վեցյակի համաձայնագիր: Իսկ երեկ նա վետո է դրել Կոնգրեսի բանաձևի վրա, որ սահմանափակում է Իրանի դեմ ուժ կիրառելու իր իրավասությունները: Սպիտակ տունը հաղորդել է, որ Թրամփի գնահատականով՝ նախագահի ինստիտուտի համար այդ վիրավորական բանաձևի նպատակը Հանրապետականներին իրար հետ կռվեցնելն է: Ինքնատիպ ընկալում է՝ ինչպես Դոնալդ Թրամփի բոլոր գնահատականները:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8660

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ